Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

...

17.02.2009 | 00:00

Չինաստանից հետո` ուղիղ Ղարաբաղ
Փետրվարի 19-ին, 2008-ի նախագահական ընտրություններից ուղիղ մեկ տարի անց, այլևս և մեկընդմիշտ ԱԺ նախագահ Սերժ Սարգսյանի շտաբի նախկին պետ Հովիկ Աբրահամյանն անասելի ներկայացուցչական պատվիրակությամբ կմեկնի Լեռնային Ղարաբաղ:
Թե ինչն է պատճառ դարձել, որ երկրի երկրորդ «դեմքը», տնտեսագիտական համալսարանի խորհրդի անմահ նախագահը հատկապես այդ օրը մեկնի Արցախ (հուսանք` հաստատապես ոչ փորձի փոխանակման, մանավանդ` ընտրական տեխնոլոգիաների ասպարեզում), լոկ ինքը կիմանա, բայց նա այնտեղ ՀՀ ԱԺ-ԼՂ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ կանցկացնի... երևի հիմա էլ պետք է ԼՂ խորհրդարանի իմիջը բարձրացնի` «դիվիդիներ» շահի:
Իսկ «դիվիդիներ» նա հաստատ կշահի, որովհետև խորհրդարանական պատվիրակության կազմում են նաև ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը (էն, որ կնոջ հետ համ էլ Չինաստանում էր), «Ժառանգության», ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ներկայացուցիչները:
Եվ նույնիսկ մի կին ատամնատեխնիկ կա պատվիրակության կազմում. սա` պատկերավոր ասած, որովհետև հեչ պարզ չէ, թե Սյունիքի խիստ «հարգարժան» մարզպետ պարոն Լիսկան ինչպես է «ներթափանցել» և պատվավոր տեղ գրավել այդ պատվիրակությունում:
Ասում ենք, չէ՞. հիմա էլ ԼՂ-ի իմիջն է բարձրացվում:
Վ. Մ.

Դեֆեկտավոր խորհրդարան
Մոնիտորները միացված, գորգափոխությունն ընթացքի մեջ, Ազգային ժողովի դերի բարձրացմանն ուղղված մյուս քայլերն էլ` առջևում։ Ահա հայոց խորհրդարանի խոսնակի առտնին անհանգստության խնդիրները, գումարած պատգամավորական սենյակների «խոշորացման» նոր-նոր սկիզբ առած գործընթացը։ Ցանկացողները կարող են դիմել ԱԺ նախագահին` ներկայացնելով «խոշորացվող» սենյակի պատգամավորի անունը, կուսակցական պատկանելությունը։ Բայց չլինի թե հանկարծ ԲՀԿ-ՀՀԿ, ՀՅԴ-ՀՀԿ, ՕԵԿ-ՀՀԿ խառնվեն իրար ու... Բայց դե, օպտիմալ է մտածում օրենսդրի ղեկավարը. ի՞նչ կարիք կա անկապ սենյակներ զբաղեցնելու, եթե դրանց դռները նստաշրջանի ընթացքում մի քանի անգամ են բացվում ու փակվում։ Իրադրությունն ավելի քան զավեշտալի է, քանի որ պատգամավոր Կարո Կարապետյանի դռան հետևում ոչ թե աշխատասենյակ է, այլ պատ։ Այսինքն, շինարարության ժամանակ սխալ է տեղի ունեցել (դրսից` դուռ, ներսից` պատ)։ Սա, բացի Աբրահամյանից, ոչ մեկն ուշադրության չի արժանացրել։ Ապամոնտաժվեց դուռը։ Այսուհետ ՀՀԿ-ական Հրանտ Գրիգորյանի հետ նույն դռնով ելումուտ կանի ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը։
Ինչևէ, ԱԺ-ում շարունակվում է արտաքին «դեֆեկտների» շտկումը։
Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նահանջ երգով
Չնայած ԲՀԿ-ն իր վերջին համագումարով բացարձակ լոյալություն արտահայտեց նախագահին ու կառավարությանը, այդ կուսակցության ղեկավար շրջանակներից շարունակվում է տեղեկատվության արտահոսքը, թե իրենք բոլորովին էլ «խելոք տեղը չեն նստելու»։ Ըստ Գագիկ Ծառուկյանի մերձավոր քաղաքական շրջապատից շրջանառվող լուրերի, ԲՀԿ-ն որոշել է «հանգիստ մնալ» մինչև ապրիլ։ Սակայն ապրիլին մտադիր է, մի շարք նախաձեռնություններ հանդես բերելով, քննադատության ենթարկել հատկապես կառավարության սոցիալական քաղաքականությունը։ Դրանով ԲՀԿ-ն իբր փորձելու է իր շուրջը համախմբել ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ընտրազանգվածի մի մասին ու հիմքեր նախապատրաստել Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականի համար։ ԲՀԿ-ի որոշ գործիչներ շարունակում են պնդել, թե այդ կապակցությամբ Մոսկվայի «դաբրոն» ուժի մեջ է, և իրենք իրագործելու են այդ ծրագիրը։ Թեպետ այս ամենն ավելի շատ նմանվում է երգով նահանջի։
Ա. ՄԱՐՏՈՅԱՆ

Ռուսաստանի հարցում Գոբլը լավատես չէ
Հայտնի ամերիկյան վերլուծաբան Պոլ Գոբլը կարծիք է հայտնել, որ հետխորհրդային տարածքում ներքաղաքական և արտաքին քաղաքական գործընթացները սերտ շաղկապված են, և դա ավելի մեծ չափով վերաբերում է հենց Ռուսաստանին, ոչ թե հետխորհրդային այլ պետության։ «Աշխարհը խիստ փոխվել է տնտեսական ճգնաժամի պատճառով, և այդ նոր գործոնը պետք է հաշվի առնել։ Պատճառներից մեկը, որ ստիպում է Մոսկվային` իր կամքը փաթաթել հարևան պետությունների վզին, պայմանավորված է հենց նրանով, որ տանը գործերն այնքան լավ չեն, ինչքան կցանկանային։ Արտաքին էքսպանսիան ներքին գործերում կարգ ու կանոն հաստատելու ձևերից մեկն է։ Մինչդեռ շատերը Մոսկվայում և ողջ Ռուսաստանում խիստ դժգոհ են այն իրողությունից, որ Մոսկվան ահռելի միջոցներ է ծախսում Ղրղզստանի և Տաջիկստանի հետ համագործակցելու վրա` ունենալով բազում չլուծված ներքին խնդիրներ, որոնց Պուտինն ուշադրություն չի դարձնում։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե կա՞ն, արդյոք, ռեսուրսներ կայսրությունը վերականգնելու համար, ապա Հայաստանում լավ հայտնի քաղաքագետներից մեկը նշել է, որ ոչ, չկան։ Հնարավորություններն արդեն այլ բան են, որովհետև հնարավորությունը ռեսուրսները համախմբելու ընդունակությունն է, իսկ Ռուսաստանի ներկա ղեկավարությունը չունի ոչ մեկը, ոչ էլ մյուսը»,- նշել է Գոբլը։
Վ. Մ.

Ո՞վ է իրական գնորդը
Կարծես թե Հայաստանի իշխանությունն ավարտին հասցրեց մի շատ կարևոր «պետական նշանակության» գործ: Փետրվարի 16-ին կրկնաճուրդով` 4 մլրդ 441 մլն դրամով վաճառվեցին «Բջնի» հանքային ջրերի գործարանի գույքն ու գույքային պարտավորությունները: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ ԴԱՀԿ մամլո պատասխանատու Ռուբեն Գրզելդյանը, էլեկտրոնային աճուրդին մեկ մասնակից է հայտ ներկայացրել, որի առաջարկած գնով էլ տեղի է ունեցել վաճառքը:
Գնորդի անունը դեռևս անհայտ է, քանի որ, ըստ օրենքի, այս պարագայում նրա անունը կարող է և չհրապարակվել, չնայած երեք օր հետո աճուրդին մասնակցելու լոտի համար նախատեսված գումարի մուծման ժամանակ այն պետք է որ հրապարակվի: Ինչպես տեղեկացնում է «Ա1+» ինտերնետային կայքէջը, հավանական գնորդ է համարվում Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:
Այս երկար ձգված գործի հետևում շատերը, համենայն դեպս, քաղաքական հետք են տեսնում, քանի որ «Բջնի»-ի պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ նրա սեփականատերը` «Սիլ» կոնցեռնի պատվավոր նախագահ, Աժ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունն անցյալ տարվա նախագահական ընտրություններում պաշտպանելու մասին:
«Բջնի» հանքային ջրերի գործարանի գլխավոր տնօրեն Լ. Հարությունյանն էլ տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես նշված է. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի ուժով գույքը կարելի է հետ պահանջել նույնիսկ բարեխիղճ ձեռք բերողից (մենք բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ ձեռք բերողը բարեխիղճ չէ), եթե գույքը դուրս է եկել սեփականատիրոջ տիրապետումից անկախ իր կամքից: Ընկերության գույքի օտարմանը մենք միշտ դեմ ենք եղել, և ձեռք բերողը խնդիր է ունենալու նաև ապրանքային նշանների օգտագործման հետ: Վերոհիշյալի հիման վրա նախազգուշացնում ենք ընկերության գույքի հնարավոր գնորդին` ձեռնպահ մնալ գումարը եռօրյա ժամկետում մուծելու գործողությունից, քանի որ, հակառակ դեպքում, վերջինս ընկերության գույքը հետագայում դատական կարգով վերադարձնելու է ընկերությանը և հատուցելու է ընկերության կրած վնասները»:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2383

Մեկնաբանություններ